ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների կոմիտեի նիստը անցկացվում է Երևանում՝ դեկտեմբերի 9-10-ին․ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում տեղեկացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման օրն է, իսկ վաղը՝ դեկտեմբերի 10-ը, Մարդու իրավունքների պաշտպանության օրը, և Երևանում այս օրերին նման միջոցառման կազմակերպումը, ըստ Վլադիմիր Վարդանյանի, պայմանավորված է նաև վերոնշյալ հանգամանքներով: Ադրբեջանում պահվող ռազմագերիներին առնչվող հարցին ի պատասխան՝ նա պարզաբանեց ԵԽԽՎ-ում քննարկումների օրակարգը և այն, որ ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերը, ի տարբերություն լիագումար նիստերի, անցկացվում են առավել դռնփակ ձեւաչափով: «Մենք չենք կարող օրակարգ ձևավորել, որովհետև դրա ձեւավորումը շատ դեպքերում պայմանավորված է լինում այն նախապատրաստող զեկույցներով, որոնք քննարկվում են հանձնաժողովներում և պետք է ընդունվեն լիագումար նիստերում»:
Նա հավելեց, որ հայկական պատվիրակությունն Ադրբեջանում պահվող ռազմագերիների առնչությամբ մշտապես բարձրաձայնում է հարցեր. դրանք բարձրացված են նաև ԵԽԽՎ-ի ընդունած մի շարք զեկույցներում: Վլադիմիր Վարդանյանի խոսքով քննարկումների ժամանակ այդ հարցին անդրադարձ եղել է:
«Ռազմագերիներին առնչվող հարցում ԵԽԽՎ-ն, կարծես, հնարավորն արել է, քանի որ այն բանաձևերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ-ում, հստակորեն անդրադարձել են ռազմագերիներին և ռազմագերիների անհապաղ հայրենադարձման խնդրին: Այսինքն՝ պահանջել ԵԽԽՎ-ից ինչ-որ բան ավելի անել, մենք չենք կարող, քանի որ, ըստ էության, ռազմագերիների հետ կապված բոլոր օրակարգային հարցերը բարձրացվել են և ստացել իրենց համապատասխան լուծումները բանաձևերում»,- նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամը: